Կրեմլը հայտնում է՝ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվեն | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանը հայտարարել է, որ այսօր Աբու Դաբիում անվտանգության հարցերով բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ուշ գիշերին Կրեմլում հանդիպել էր ԱՄՆ նախագահի երեք բանագնացներին, զգուշացրել է, որ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվեն։

Նախօրեին Կրեմլում մոտ չորս ժամ տեղի ունեցած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բովանդակալից, կառուցողական և չափազանց անկեղծ հանդիպում է եղել, Ուշակովը խուսափել է որևէ լուրջ առաջընթացի մասին խոսելուց:

«Ամենակարևորը, որ մեր նախագահի և ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում վերահաստատվեց, որ առանց տարածքային հարցը լուծելու՝ երկարաժամկետ կարգավորման հասնելու հույս չկա»:

Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և Ջոշ Գրունբաումը, ով Թրամփի կողմից նոր է նշանակվել որպես իր Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական, որը կփորձի լուծել համաշխարհային հակամարտությունները։ Ռուսական կողմից Յուրի Ուշակովից զատ բանակցություններին ներկա է եղել նաև Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:

Նախօրեին Դավոսում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն:

«Մենք խոսում ենք մի հարցի մասին, որն ամենաբարդն է, որը դեռևս լուծված չէ», – ասել է Զելենսկին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Զելենսկիի հետ մոտ մեկ ժամ բանակցելուց հետո ասաց.-«Ես շատ լավ հանդիպում ունեցա նախագահ Զելենսկիի հետ»:

«Այս պատերազմը պետք է ավարտվի», – ասաց Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ուղերձ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն