armenpress.am Եվրոպական միությունն, ամենայն հավանականությամբ, կվերսկսի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս ԵՄ երկրների նկատմամբ չի սահմանի մաքսատուրքեր՝ կապված Գրենլանդիայի շուրջ անհամաձայնության հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի նախագահին։
«Մենք ուրախ ենք տեսնել, որ առայժմ այս էսկալացումը վերացել է։ Դա նշանակում է, որ այս փուլում մենք կարող ենք շարունակել մեր ներքին քննարկումները ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի շուրջ, որը դադարեցվել էր վերահաս մաքսատուրքերի սպառնալիքի պատճառով», – ասել է Ռոբերտա Մեցոլան։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը կասեցրել էր ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացումը մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքների ֆոնին։
Հիմնվելով 2025 թ. հուլիսին Շոտլանդիայում ձեռք բերված համաձայնության վրա՝ ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ մաքսատուրքերի վերացման, ինչպես նաև ԱՄՆ-ից ծովախեցգետնի ներմուծման նկատմամբ 0% մաքսատուրքի կիրառումը շարունակելու հարցը։ Այս առաջարկները պետք է համաձայնեցվեն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ երկրների կողմից։ Իսկ ԱՄՆ-ն ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ կսահմանի 15% մաքսատուրք, ինչը ԵՄ-ում շատերը համարում են անհավասար պայմաններ։
Եվրոպական խորհրդարանի առևտրի հանձնաժողովի քննարկումն այս հարցի շուրջ կկայանա հունվարի 26-27-ին։