2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականին Արցախի լիակատար հայաթափումն ու ադրբեջանական վերահսկողության հաստատումը, թվում էր, պետք է դնեին հայ-ադրբեջանական հակամարտության վերջակետը, սակայն Հարավային Կովկասի նոր իրողությունները փաստում են հակառակի մասին։ Չնայած խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին՝ Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը մնում է անփոփոխ։ Small Wars and Insurgencies ամսագրում հրապարակված հոդվածում Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Լևոն Հովսեփյանն ու Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) արևելագիտության ֆակուլտետի դոցենտ Արտյոմ Տոնոյանը հիմնավորում են, որ Ադրբեջանի համար հակահայկականությունը սեփական ազգային ինքնությունը կառուցելու գոյաբանական անհրաժեշտություն է։ Այս համատեքստում հայ-ադրբեջանական հակամարտությունը դուրս է գալիս լոկ տարածքային վեճի սահմաններից՝ վերածվելով ադրբեջանական ինքնության կարևոր հենասյուներից մեկի։
Հոդվածի համահեղինակ Լևոն Հովսեփյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ այս թեմայով հետազոտության գաղափարը ծնվեց թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության վերաբերյալ ուսումնասիրությունից, որի արդյունքները գիտնականն ու գործընկերը՝ Արտյոմ Տոնոյանը, երկու տարի առաջ տպագրեցին Small Wars and Insurgencies ամսագրում։ Այդ Հոդվածոում հեղինակները ներկայացնում են թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի ձևավորման նախադրյալները, 2020 թ․ պատերազմից հետո ռազմական դաշինքի զարգացման առանձնահատկությունները, որակական նոր միտումները և հատկապես՝ թուրքական ռազմական դպրոցի դոմինանտության հաստատումն Ադրբեջանում, վերլուծում դրանց թե՛ ռազմավարական նշանակությունը, թե՛ ազդեցությունը ադրբեջանական հանրության ինքնութենական փոխակերպումների ու գործընթացների վրա։
2020 թվականի պատերազմից հետո իրավիճակի վերլուծությունը հեղինակների համար պարզ դարձրեց, որ տարածաշրջանում տեղի ունեցողը դուրս է զուտ տարածքային վեճի սահմաններից։ Չնայած թվում էր, թե պատերազմում տարած հաղթանակից հետո Բաքուն պետք է ընտրեր հակամարտության լուծման ռացիոնալ ուղին, իրականությունը հակառակն էր. հակահայկական նարատիվներն ու քարոզչությունը ոչ միայն չմեղմացան, այլև նոր թափ ստացան։
Գիտնականները եկան այն եզրահանգման, որ հակամարտության հիմքում ոչ թե լոկ տարածքային վեճն է, այլ Ադրբեջանի՝ ազգակերտման և սեփական ազգային ինքնությունը պատերազմի շուրջ համախմբելու ռազմավարությունը։ Արտյոմ Տոնոյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ Արցախյան հարցը գիտական շատ աշխատանքներում արդեն իսկ ներկայացված էր որպես Ադրբեջանի ինքնության հիմնաքար։ Հենց այս խնդիրների էությունը հասկանալու համար հեղինակները դիմեցին արդեն միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ոլորտ ներթափանցած գոյաբանական անվտանգության հայեցակարգին։
Լևոն Հովսեփյանը բացատրում է, որ գոյաբանական անվտանգության հայեցակարգը, ներթափանցելով միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ոլորտ, թույլ է տալիս կոնֆլիկտները վերլուծել, այսպես կոչված, ֆիզիկական չափումներից դուրս։ Պետությունը դիտարկվում է որպես հավաքական «ես» ունեցող օրգանիզմ, որի համար ինքնության, ինքնութենական «ես»-ի կայունությունն ու ինքնագիտակցության ամբողջականությունը կենսական նշանակություն ունեն։ Երբ խախտվում է պետության կամ հանրության ինքնութենական կայունությունը, առաջանում է խորքային տագնապ, ինչը հաղթահարելու համար պետությունները հակված են գնալու լրջագույն ռիսկերի և ներդնելու հսկայական ռեսուրսներ՝ երբեմն ի վնաս իրենց ֆիզիկական անվտանգության։
Պետությունները ներքին վախերն ու անորոշությունը հաղթահարելու համար ստեղծում են «սպառնալիք», որի դեմ էլ շարունակաբար պայքարում են։ Սա ոչ միայն օգնում է կառավարել վախը, այլև ձևավորում է ինքնություն, «մենքի» և «օտարի» հակադրություն, որն էլ ամրապնդում է ինքնութենական կայունությունը։
Հետազոտողի խոսքով՝ Ադրբեջանի պարագայում կոնֆլիկտայնությունը ռիսկայնություն է ենթադրում, մշտական լարվածություն, ռեսուրսների ներդրում, բայց քանի որ Ադրբեջանը սրանով փորձում է իր ազգակերտման գործընթացում կայունություն ապահովել, որպեսզի գոյաբանական անվտանգությունը չխախտվի, պատրաստ է գնալու կոնֆլիկտի շարունակականության։
«Խաղաղության հեռանկարն առաջացնում է գոյաբանական անհանգստություններ ադրբեջանական իշխող էլիտայի մոտ, քանի որ հանձինս հայերի՝ հիմնական թշնամու, «օտարի» կերպարի շարունակականությունն է նաև ընկած ադրբեջանական ազգակերտման ու ինքնության կառուցարկման հիմքում»։
Լևոն Հովսեփյան
Ադրբեջանի ազգակերտման գործընթացում Արցախյան հակամարտությունը տասնամյակներ շարունակ եղել է այն գաղափարական «ողնաշարը», որի շուրջ համախմբվել է հանրությունը, և ապահովվել է ներքաղաքական ռեժիմի կայունությունը։ Լևոն Հովսեփյանը պարզաբանում է, որ Արցախի հարցը Բաքվի համար ծառայել է նաև որպես գոյաբանական անվտանգության երաշխիք և թույլ է տվել ձևավորել ինքնություն՝ հիմնված «թշնամու» կերպարի վրա։
Այս գործընթացի պատմական մեկնարկային կետն, ըստ Արտյոմ Տոնոյանի, կարելի է համարել 1905-06 թվականների հայ-թաթարական ազգամիջյան բախումները։ Գիտնականը շեշտում է՝ էական չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել պատմական այդ ժամանակահատվածում. կարևորն այն է, թե ինչպես է ադրբեջանական էլիտան կառուցել հայ-թաթարական բախումների վերաբերյալ պատումը և ներդրել հանրային գիտակցության մեջ։ Ժամանակագրական առումով հենց այս իրադարձություններն են ֆիքսվել որպես «գլխավոր օտարի» ու թշնամու կերպարի ձևավորման առանցք, որի վրա տասնամյակներ շարունակ կառուցվել է ադրբեջանական ինքնությունը։
Հեղինակները գրում են, որ Ադրբեջանի ազգակերտման ճանապարհին ամենամեծ ներքին վախը միշտ եղել է էթնիկ սեպարատիզմը։ Թալիշների, լեզգիների, թաթերի և այլ տեղաբնիկ ժողովուրդների հնարավոր անջատողական ձգտումները զսպելու համար Բաքուն միշտ կիրառել է «ընդհանուր թշնամու» արդյունավետ գործիքը։ Հայերի դեմ ձևավորված թշնամանքն, այպիսով, ծառայում է որպես ներքին միասնության գործիք. տարբեր էթնիկ խմբերին ներշնչվում է, թե նրանք «մեկ միասնական ադրբեջանական ինքնության» կրողներն են, որոնք հավասարապես մասնակցում են «ընդհանուր թշնամու» դեմ պայքարին։
Ըստ Արտյոմ Տոնոյանի՝ ինքնության կերտման այս ներքին մարտահրավերները միահյուսվում են ռեժիմի կենսունակության խնդրի հետ, որտեղ պատերազմը հանդես է գալիս որպես ներքին քաղաքական ճգնաժամերի հաղթահարման փորձարկված գործիք։
Հետազոտողը նշում է՝ դրա վառ ապացույցը 2016 թ. քառօրյա պատերազմն էր. համաշխարհային շուկայում նավթի գների անկումը հանգեցրել էր մանաթի արժեզրկման և ներքաղաքական լուրջ ճգնաժամի Ադրբեջանում: Ռազմական գործողությունների միջոցով Ալիևին հաջողվեց ներքին դժգոհությունը վերածել համազգային համախմբման՝ ճգնաժամը «արտահանելով» Հայաստան: Գիտնականի խոսքով՝ երբ պետությունն ունի ներքաղաքական ցնցումները հաղթահարելու նման արդյունավետ մեխանիզմ, պատերազմի վերսկսման սպառնալիքը դառնում է իշխանության լեգիտիմության պահպանման արդյունավետ երաշխիք։
Լևոն Հովսեփյանը մատնանշում է՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ նոր միտում. Բաքուն փորձում է փոխել իր «փոքր պետության» կարգավիճակը (փոքր պետությունների տեսությանը ծանոթացեք այստեղ)։ Ադրբեջանը ոչ միայն փորձում է փոխել տարածաշրջանում հաստատված ուժերի հավասարակշռությունը, այլև վերանայում է իր վարքագիծն ու հետագա ծրագրերը՝ փորձելով տարածաշրջանային ու միջազգային համակարգում իրեն դիրքավորել որպես, այսպես կոչված, «միջին տերություն», հանդես գալ նոր քաշային կարգի դերով։ Սա նման է մի գործընթացի, երբ պետությունը դուրս է գալիս իր նախկին սահմաններից՝ փորձելով թելադրել սեփական կանոնները։
Այս ամենի հիմքում ընկած է «Արևմտյան Ադրբեջանի» պատմագիտական կեղծ թեզի գործիքայնացումը․ թեև այս պահին Բաքվից չեն հնչում Հայաստանի դեմ պաշտոնական տարածքային պահանջներ, սակայն ակտիվորեն շրջանառվում են կեղծ պատմագիտական թեզեր՝ «հայրենիք վերադառնալու» վերաբերյալ։ Քանի դեռ չկա բացահայտ պահանջ հայկական հողերի նկատմամբ, թվում է, թե ամեն ինչ սահմանափակվում է միայն հռետորաբանությամբ։ Գիտնականի խոսքով, սակայն, իրականում սա նպատակաուղղված քաղաքականություն է․ այսօր կեղծ պատմագիտական թեզեր շրջանառելով՝ նրանք հող են նախապատրաստում, որպեսզի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ պաշտոնական հավակնություններ նեկայացնեն։
Ըստ Արտյոմ Տոնոյանի՝ որպեսզի որևէ տարածք դառնա հակամարտության առարկա, պետությունը նախ պետք է կարողանա այն սահմանել որպես «հայրենիք»։ Հետազոտողն ընդգծում է՝ այն պահից սկսած, երբ որևէ հանրություն տարածքն ընկալում է որպես «պատմական հայրենիք», դրան անխուսափելիորեն հաջորդելու է գալիս բացահայտ տարածքային պահանջի ներկայացումը։ Արտյոմ Տոնոյանը նշում է, որ «Արևմտյան Ադրբեջանի» պարագայում Բաքուն հենց սա է փորձում անել. նրանք չեն խոսում պարզապես բնակվելու մասին, այլ պնդում են, թե «միշտ ապրել են այնտեղ» և պետք է «վերադառնան» իրենց «էթնիկական հայրենիք»։ Ներկայումս Ադրբեջանում ողջ պետական քաղաքականությունն ու քարոզչությունը աշխատում են հանրային գիտակցության մեջ ներդնել այն թեզը, որ «Արևմտյան Ադրբեջանը» իրենց պատմական հայրենիքն է։ Ըստ գիտնականի՝ հենց Բաքվի վարչակարգը համոզվի, որ այս նարատիվը վերջնականապես արմատավորվել է հանրային գիտակցության մեջ, քողարկված հավակնություններին կփոխարինի պաշտոնական տարածքային պահանջը։
Հետևաբար՝ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի ներդրումը սոսկ պատմական կեղծարարություն չէ, այլ հատուկ մշակված ռազմավարություն։ Բաքուն, թիրախավորված տարածքը հանրային գիտակցության մեջ ամրագրելով որպես «պատմական հայրենիք», ստեղծում է լեգիտիմ հիմք ապագայում քարոզչական թեզերը բացահայտ տարածքային հավակնությունների և պաշտոնական պահանջների վերածելու համար։
Լևոն Հովսեփյանը նշում է, որ Ադրբեջանի համար Արցախը ֆիքսված էր որպես գլխավոր առաջնահերթություն, որի հիման վրա կառուցվում է ինքնութենական ազգակերտման գործընթացը, սակայն հակամարտության ավարտից հետո «Արևմտյան Ադրբեջանը» դարձավ նոր թիրախ, որպեսզի Արցախից հետո առաջացած վակուումը հանկարծ խնդիրներ չառաջացնի նրանց ազգակերտման գործընթացում։
Հեղինակները նշում են՝ Ալիևի ելույթներից պարզ է դառնում, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզը ստեղծվել և կարևորության առումով հավասարեցվել է Ղարաբաղյան խնդրին, քանի որ բազմազգ պետության համար միավորող և համախմբող գործիք կարող է լինել ընդհանուր թշնամին։
Հետաքրքիր են նաև հեղինակների դիտարկումները՝ Ադրբեջանի հանրության շրջանում առկա ընկալումների վերաբերյալ։ Հոդվածում, օրինակ, հիշատակվում են Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի անցկացրած՝ հանրային կարծիքի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների ավելի քան 96%-ը «Արևմտյան Ադրբեջան»-ը համարել է Ադրբեջանի տարածք, իսկ ավելի քան 58%-ը իրատեսական է համարել ադրբեջանցիների «վերադարձն» այստեղ հաջորդ 5 տարիների ընթացքում։ Հարկ է նշել, որ հեղինակները կասկածի տակ են դնում հարցման օբյեկտիվությունը, սակայն նաև հավելում են՝ անկախ հարցման տվյալների ճշտությունից՝ ավելի կարևոր է այն, որ իշխանություններն «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը փորձում են դոմինանտ դարձնել հանրության համար։
Այսպիսով, Ադրբեջանում ներկայումս հայատյացությունը վերարտադրվում է նոր ձևաչափով․ նախկին Արցախյան հարցին փոխարինելու է եկել «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ դիսկուրսը, որը ծառայում է նույն նպատակին․ պահպանել արտաքին սպառնալիքի հանրային պատկերացումը և շարունակել ինքնության ձևավորման գործընթացը «մենքի» և «օտարի» հակադրության միջոցով։
Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ՝ նույնիսկ Խորհրդային Միության «ուժեղ ձեռքի» պայմաններում Արցախյան հակամարտությունն ընդամենը ժամանակավորապես մեղմացավ՝ պայթելով առաջին իսկ հնարավորության դեպքում։ Սա, գիտնականի խոսքով, նշանակում է, որ ցանկացած ներկա կամ ապագա «խաղաղություն» կրելու է խիստ իրավիճակային բնույթ, իսկ դրա իրական հաղթահարումը երկարաժամկետ հեռանկարում գրեթե անհնար է։ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Բաքվի վարչակարգը, հակահայկական նարատիվը դարձնելով հանրության սեփականություն և դրա վրա կառուցելով իր ազգային ինքնությունը, դառնում է այդ պատումի գերին։ Այլևս անհնար է դառնում հետքայլ կատարելը, քանի որ «մենք»-ի և «օտարի»-ի միջև հաստատված այդ հստակ սահմանը փոխելը նշանակում է ստեղծել ինքնության խոր ճգնաժամ և ներքաղաքական ցնցումներ։ Գիտնականը շեշտում է՝ հատկապես ավտորիտար ռեժիմների պարագայում այս փոփոխությունն անհնար է։
Հեղինակները հոդվածում գրում են․ «Այս փուլում հայ ժողովրդի հետ խաղաղության ցանկացած ձև Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից տրամաբանորեն և ողջամտորեն ընկալվում է որպես գոյաբանական անհանգստություն, ինչը նրանց ստիպում է շարունակել հակամարտայնությունը Հայաստանի հետ։ Սա ենթադրում է, որ նույնիսկ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքվի, այն չի երաշխավորի երկարատև խաղաղություն։ Փոխարենը հակամարտությունը կշարունակվի տատանվող ալիքներով»։
Այսպիսով, հեղինակներն ամփոփում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը վաղուց դուրս է եկել սովորական տարածքային վեճի տրամաբանությունից՝ վերածվելով ադրբեջանական ազգակերտման նախագծի առանցքային բաղադրիչներից մեկի: Գոյաբանական անվտանգության տեսանկյունից «թշնամու» կերպարը Բաքվին անհրաժեշտ է սեփական հավաքական «ես»-ի կայունությունն ապահովելու համար, որի պատմական հիմքերը, դեռևս 1905-06 թթ. հայ-թաթարական բախումներից սկսած, նպատակաուղղված ներդրվել են հանրային գիտակցության մեջ։ Այս հակադրությունը ծառայում է որպես ներքին «փրկօղակ», որը թույլ է տալիս Բաքվին զսպել սեպարատիզմի վախերը և պատերազմի սպառնալիքի միջոցով լեգիտիմացնել ավտորիտար վարչակարգը ճգնաժամային իրավիճակներում։ Արցախյան հարցի «լուծումից» հետո ինքնության վակուում թույլ չտալու համար Բաքուն ասպարեզ բերեց «Արևմտյան Ադրբեջան» թեզը։
Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի
Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Տնից մինչև մոտակա հանրային այգի. քարտեզագրելով Երևանի կանաչը | Հանրագիտ»
Նյութը պատրաստավել է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում