factor.am Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում վերջին շրջանում ստեղծված լարվածությունը և տարածաշրջանային հարցեր։
Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում վերջին լարվածությունն ու ներկայիս իրավիճակը: Իր հերթին, Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը և ցավակցություն հայտնել վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին:
Նշվել է, որ երկու երկրների նախագահների միջև շփումները, փոխայցելություններն ու առկա քաղաքական երկխոսությունը նշանակալի դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, իսկ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը նպաստում է համագործակցության ընդլայնմանը: Գոհունակությամբ նշվել է Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի աշխատանքը։