Դիտորդական առաքելությունները նախազգուշացնում են 2026-ի ընտրություններից առաջ ռիսկերի մասին

Հայաստանում 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պահպանվում են մի շարք լուրջ ռիսկեր, որոնք կարող են վտանգել ընտրական գործընթացների ազատությունը, արդարությունը և թափանցիկությունը, հայտարարել են «Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունները հունվարի 23-ին հրապարակած համատեղ հայտարարության մեջ։

Դիտորդները նշում են, որ թեև 2021-ից ի վեր ընտրական և հարակից օրենսդրությունը ենթարկվել է էական փոփոխությունների՝ ուղղված ընտրական իրավունքների պաշտպանությանը, քաղաքական ֆինանսավորման վերահսկողության ուժեղացմանը և ընտրախախտումների կանխարգելմանը, այդուհանդերձ՝ առաջիկա ընտրությունների նախաշեմին առկա են նոր և դեռ չչեզոքացված վտանգներ։

Հայտարարության համաձայն՝ մտահոգիչ են հատկապես ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների, ատելության խոսքի և կիբերհարձակումների սպառնալիքները։ Դիտորդական առաքելությունները շեշտում են, որ պետական մարմինների ուշադրությունից դուրս են մնում անսահմանափակ դրամական հոսքերը, այդ թվում՝ կանխիկ և կրիպտոարժույթով, ինչպես նաև երրորդ անձանց կողմից իրականացվող քարոզչությունն ու դրա ֆինանսավորումը։ Ըստ հայտարարության՝ այդ ռիսկերը կա՛մ պատշաճ չեն գնահատվում, կա՛մ չեն արժանանում համարժեք արձագանքի, իսկ օրենքով նախատեսված վերահսկողական գործառույթները լիարժեք չեն իրականացվում։

Դիտորդների գնահատմամբ՝ այս պայմաններում հարցականի տակ է դրվում պետության պատրաստվածությունը՝ ապահովելու մրցակցային, մաքուր, ազատ և օրինական ընտրություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության խնդրին, որը, դիտորդների համոզմամբ, առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական ընտրությունների համար։

Հայտարարությունում նշվում է, որ գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս քաղաքական նորաստեղծ միավորներին մասնակցել ընտրություններին՝ առանց բավարար ֆինանսական վերահսկողության, ինչն առաջացնում է անհավասար մրցակցային պայմաններ և արտաքին միջամտության ռիսկեր։ Դիտորդները նաև մատնանշում են երրորդ անձանց միջոցով քարոզչության ֆինանսավորման սահմանափակումների բացակայությունը, ինչը փաստացի թույլ է տալիս շրջանցել կուսակցությունների համար սահմանված ֆինանսական շեմերը։

Առանձին խնդիր է համարվում նաև կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների ուշ հրապարակումը։ Ըստ հայտարարության՝ ընտրություններին մասնակցող խոշոր կուսակցությունների տարեկան հաշվետվությունները հաճախ հանրությանը հասանելի են դառնում ընտրությունների նախաշեմին, ինչն ընտրողներին զրկում է դրանք ժամանակին ուսումնասիրելու հնարավորությունից և խաթարում է հավասար մրցակցությունը։

Դիտորդական առաքելությունները կոչ են անում ապահովել նախընտրական շրջանում ֆինանսական հոսքերի ժամանակին և լիարժեք վերահսկողություն, հրապարակայնացնել կուսակցությունների նախընտրական ծախսերը, ինչպես նաև ստեղծել իրավական և տեխնիկական մեխանիզմներ՝ քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։ Նրանց համոզմամբ՝ առանց այս քայլերի դժվար կլինի կանխել «կեղտոտ փողերի» ներգրավումը և երաշխավորել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն