ԱՄՆ-ում Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության (ICE) մի աշխատակից Մինեապոլիսում կրակել է 37-ամյա տղամարդու վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։ Դեպքը պատճառ է դարձել, որ մարդիկ դուրս գան փողոցներ։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը։
Սպանված տղամարդը Ալեքս Ջ. Պրետտին է՝ Մինեապոլիսի բնակիչ, որն աշխատում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Ներքին անվտանգության նախարարության խոսնակ Տրիշա ՄաքԼաֆլինը հայտարարել է, որ ֆեդերալ աշխատակիցները իրականացրել են օպերացիա և արձակել են «պաշտպանական կրակոցներ» այն բանից հետո, երբ ձեռքի հրազենով մի տղամարդ մոտեցել է նրանց և «դաժան դիմադրություն է ցուցաբերել», երբ աշխատակիցները փորձել են նրան զինաթափել։
Մինչդեռ դեպքի ականատեսների տեսագրություններում չի երեւում, որ տղամարդու ձեռքում զենք կա։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ում Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության (ICE) կողմից սպանվել էր Ռեննե Գուդ անունով մի կին։ Կինը եղել է մեքենայի ղեկին, երբ ծառայության աշխատակիցը կրակել է։ Վերջինս պնդել է, թե կինը ցանկացել էր վնասել իրեն, և նա դիմել է ինքնապաշտպանության ու կրակել։ Ականատեսները հերքում են այս տեսակետը։