news.am Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվեց։
Որոշումը կայացրեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Դատարանի որոշմամբ՝ Տեր Հորը արգելվում է ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, շփում ունենալ այլ անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների։
Տեր Գարեգինին կթույլատրվի ամեն կիրակի մասնակցել պատարագի, ստանալ հաղորդություն, բայց չշփվել այլ անձանց հետ։
Տեր Գարեգինը, սակայն, Արագածոտնի մարզի եկեղեցի չի կարող գնալ, միայն իր բնակության վայրում՝ Արմավիրում։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։