Հունվարի 27-ին Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:
Բարձրաստիճան պաշտոնյաների այցի պահին լրագրողների մուտքը դեպի զինվորական պանթեոն արգելված էր։
Նշենք, որ 2025-ի սեպտեմբերի 27-ին՝ 2020-ի 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չէր այցելել Եռաբլուր։ Պաշտոնյաները Եռաբլուր չէին այցելել նաև սեպտեմբերի 13-14-ին։
Այսօր Եռաբլուրում էին նաև զոհվածների հարազատները։
44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանը, news.am-ի հետ զրույցում ասաց, որ չի եկել Եռաբլուր, որովհետև ընդունում է այս օրը, այլ եկել է, քանի որ չի ուզում՝ կառավարության որևէ անդամ մոտենա իր տղայի կամ մյուս տղաների շիրիմներին։
44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանն էլ նշեց, որ հարազատները չեն պայմանավորվել որևէ ակցիա անելու համար, պարզապես բոլորը եկել են Եռաբլուր։
Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ