Լոնդոնը չպետք է ընտրություն կատարի Վաշինգտոնի և Պեկինի միջև. Սթարմեր | 1lurer.am

1lurer.am։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարծում է, որ բիզնեսի հնարավորությունների տեսանկյունից իր երկիրը չպետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, և ակնկալում  է «հասուն» հարաբերություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ և, իհարկե, ցանկանում ենք ու կպահպանենք դրանք՝ անվտանգության և պաշտպանության հետ մեկտեղ։ Միևնույն ժամանակ, գլուխն ավազի մեջ թաքցնելն ու Չինաստանին անտեսելը, երբ այն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է և բիզնեսի հնարավորություն, անխոհեմ կլինի»,- ասել է Սթարմերը Bloomberg-ի հետ հարցազրույցում։

Սթարմերը այս շաբաթ կմեկնի Պեկին, ինչը կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցը Չինաստան վերջին ութ տարվա ընթացքում։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, Սթարմերը պնդում է, որ կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ «առանց Թրամփին զայրացնելու կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վնասելու»: Այդ կերպ նա մերժում է այն գաղափարը, որ ստիպված կլինի փոխզիջման գնալ երկու երկրների նկատմամբ իր մոտեցումների հարցում։

«Ինձ հաճախ առաջարկում են պարզապես ընտրություն կատարել երկու երկրի միջև։ Ես այդպես չեմ վարվում»,- ասել է նա։

Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփի հետ իր հարաբերություններն անվանել է «հասուն»:

Չինաստան կատարելիք իր առաջիկա այցի ժամանակ Սթարմերին կուղեկցեն ընկերությունների, համալսարանների և մշակութային հաստատությունների մոտ 60 ղեկավարներ, և, ինչպես նշում է Bloomberg-ը, առաջնահերթ թեման ակնհայտորեն տնտեսական հարաբերություններն են:

Սթարմերը համոզված է, որ այդ այցը նոր հնարավորություններ է բացում, և դա չի նշանակում զիջումներ ազգային անվտանգության հարցերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն