ԱՄՆ-ն հերքել է, թե Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կապել է Կիևի կողմից տարածքային զիջումների հետ | factor.am

factor.am Financial Times-ը, հղում անելով բանակցություններին ծանոթ ութ աղբյուրների, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Ուկրաինային հասկացրել է, որ Վաշինգտոնի անվտանգության երաշխիքները կախված են Կիևի կողմից խաղաղության պայմանագրին համաձայնությունից, որը կներառի Դոնբասը Ռուսաստանին հանձնելը։ Եթե Ուկրաինան համաձայնի զորքերը դուրս բերել Դոնբասից, Վաշինգտոնը, ըստ FT-ի երկու աղբյուրների, նաև նախնական պատրաստ է Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրել՝ խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերն ամրացնելու համար, գրում է Meduza-ն։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ պահանջների մասին տեղեկություններն անվանել է «բացարձակ սուտ»։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի միակ դերը խաղաղության գործընթացում «երկու կողմերին միավորելն է՝ համաձայնության հասնելու համար»։

«Ցավալի է, որ Financial Times-ը թույլ է տալիս չարամիտ գործիչներին անանուն ստել՝ խափանելու խաղաղության գործընթացը, որը գերազանց վիճակում է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական եռակողմ հանդիպումից հետո»,- հավելել է նա։

Հունվարի 23-24-ը Աբու Դաբիում տեղի ունեցան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցություններ, որոնցում Սպիտակ տան ներկայացուցիչները հանդես եկան որպես միջնորդներ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև: Axios-ի աղբյուրների համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ Դոնբասը, և դրանք անցել են շատ լավ աշխատանքային մթնոլորտում և «մի պահ բոլորը գրեթե ընկերներ էին թվում»:

Հաջորդ օրը Վիլնյուս կատարած այցի ժամանակ Զելենսկին, պատասխանելով բանակցությունների վերաբերյալ հարցերին, ասել էր, որ Ուկրաինայի դիրքորոշումը տարածքների վերաբերյալ չի փոխվել, և բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն