Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր բուժկենտրոններ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում։ Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ 10 քաղաքացի հոսպիտալացվել է, մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր»,- գրել է Ավանեսյանը։
Նախարարը վարորդներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվել, մինչև 7 տարեկան երեխաների դեպքում` օգտագործել car seat:
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունվարի 27-ին, ժամը 11։10-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ։
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ, իրար են բախվել ընդհանուր 15 տրանսպորտային միջոցներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։