factor.am Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում խոսել է երկու պատերազմների մասին, որոնց բախվում է Եվրոպան, թե ինչպես են ժողովրդավարությունները ենթարկվում հարձակման, ինչպես են այդ հարձակումներն ուժեղանում տեխնոլոգիաների կողմից, և «թե ինչ պետք է անենք մեր խաղաղությունը, մեր ժողովրդավարական ընտրությունները և մեր ազատությունը պաշտպանելու համար»։
Սանդուն անդրադաձել է նաև Հայաստանի թիրախավորմանը։
«Հիմա Հայաստանն է դառնում նույն ռազմավարության թիրախը՝ ուղղված ինքնիշխանության թուլացմանը, ժողովրդավարական ընտրությունների վրա ազդելուն և ներքին խոցելիությունների շահագործմանը։ Մենք կանգնած ենք Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, երբ նրանք աշխատում են դիմադրել այս ճնշումներին և պաշտպանել իրենց ժողովրդավարական ապագան»,- ընդգծել է Սանդուն։
Նա հավելել է, թե այս հիբրիդային պատերազմի վարման բոլոր եղանակներից ժողովրդավարությունների ապագայի համար ամենավտանգավորը տեղեկատվական մանիպուլյացիան է, որն ուժեղանում է տեխնոլոգիայի, անթափանց ալգորիթմների և արհեստական բանականության միջոցով։