Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում նախօրեին ընդունվել է «Վեհաժողովի մշտադիտարկման ընթացակարգի առաջընթացը» անուն կրող բանաձևը, որտեղ առկա են նաև Հայաստանին վերաբերվող դրույթներ։
Մասնավորապես, այդ փաստաթղթում Հայաստանի՝ որպես ԵԽԽՎ ամբողջական մշտադիտարկման ներքո գտնվող երկրի մասով, նշվում է, որ կառույցը մտահոգված է գործադիր իշխանության և Հայ առաքելական եկեղեցու միջև լարվածությամբ, ինչպես նաև՝ որոշ հոգևորականների կողմից քաղաքական ակտիվություն ցուցաբերելու մասով։
«Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմից, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ չափազանց բևեռացման և խարանման համար։ Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու վերաբերյալ դավադրությունների մասին հաղորդումներով»,- ասված է բանաձևում։
Բանաձևում ԵԽԽՎ-ն վերահաստատում է, որ 2018 թվականից ի վեր անցկացված երեք ընտրությունները զերծ են եղել լուրջ խախտումներից։ «Այդուհանդերձ, Վեհաժողովը կրկին ընդգծում է հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում կարգավորումների լիարժեք կիրառման անհրաժեշտությունը»,- նշվում է Հայաստանի մասով ԵԽԽՎ պարբերության մեջ։
2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԽԽՎ նաև կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու, որ ընտրական քարոզարշավը հիմնված լինի խնդիրների և քաղաքականությունների վրա ու զերծ լինի ընտրապայքարի մասնակիցների միջև անձնական հարձակումներից։
Կառույցը նաև Բաքվին կոչ է անում «դադարեցնել պատասխան գործողությունների բնույթ ունեցող քրեական հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են քաղաքական դրդապատճառներով ներկայացված մեղադրանքներով, այդ թվում՝ 23 հայ պահվող անձանց»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։