ՄԱԿ-ը մշակել է Սոմալիի համար մարդասիրական օգնության և արձագանքման ծրագիր՝ 852 միլիոն դոլարի բյուջեով։ Այդ մասին հայտնել է Africanews տեղեկատվական պորտալը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին։
Նրա խոսքով՝ պահանջվող օգնության ծավալը 40 տոկոսով պակաս է 2025 թվականի համեմատ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է աջակցություն տրամադրել 2,4 միլիոն մարդու։ Միաժամանակ, Դյուժարիկը ընդգծել է, որ ֆինանսավորման կրճատումը «պայմանավորված է սահմանափակ ռեսուրսներով, այլ ոչ թե մարդասիրական կարիքների նվազմամբ»։
«2026 թվականի ծրագրի շրջանակում մարդասիրական օգնություն կկարողանան ստանալ օգնության կարիք ունեցող անձանց կեսից պակասը»,-նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։