armenpress.am Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանի արտաքին գործերի նախաար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը երկրում ժողովրդավարությունը պաշտպանելու համար կհենվի ժողովրդավարության և դրա կողմից տրամադրվող մեխանիզմների վրա։
Արարատ Միրզոյանն իր ելույթում նաև ընդգծել է, որ հայ հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ, և ներկայում մեծ դժվարությամբ նվաճած ազատությունները պաշտպանելու վճռականությունն ավելի ուժեղ է, քան ցանկացած ստվերային գործողություն։
«Խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ նշանավորեց մեր երկրի ժամանակակից պատմության մեջ։ Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո՝ 2018 թվականին, ես ինքս քայլեցի 100 հազարավոր համաքաղաքացիների՝ քույրերիս և եղբայրներիս կողքին, որոնք լցրեցին Հայաստանի փողոցներն ու քաղաքները, ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով, և այն այրող համոզմամբ, որ մենք արժանի ենք ավելիին։ Արդար և օրինական ընտրություններ մեր ձայնով, մեր քվեներով կառավարություն ձևավորելու իրավունքի ենք արժանի, բաց, հաշվետու և թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ պետական ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար դպրոցների և ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի, այլ ոչ թե օլիգարխների և կոռումպացված պաշտոնյաների համար ամրոցների և մասնավոր կալվածքների, պաշտոնյաներին կաշառք չվճարող և արհեստական մենաշնորհներ չպարունակող բիզնեսների, անկախ և արդյունավետ դատական համակարգի ենք արժանի։ Եվ մենք ապացուցեցինք, որ մի ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը»,-իր ելույթում ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ 2019 թվականից ի վեր՝ Հայաստանն իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ, իսկ գրանցած նվաճումներն արտացոլում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տեքստերում, զեկույցներում։
«Ամենակարևորը, Հայաստանը հաջողությամբ անցկացրեց երկու արտահերթ ընտրություններ, որոնք արժանացան ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ճանաչման՝ որպես ազատ և արդար, այդ թվում՝ այս հեղինակավոր մարմնի կողմից։ Այս կարևորագույն իրադարձությունները ցույց տվեցին, որ քաղաքացիների կամքը ճշգրիտ պետք է արտացոլվի քվեատուփերում։ Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ․ մեզ համար՝ կարևորագույն իրադարձություն, մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում, սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում միակ աղբյուրն է։ Այնուամենայնիվ, մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ։ Մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն։ Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ։ Եվ նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների, նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխանությունը, խաղաղության և ժողովրդավարության ձգտումը, և նրանք ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավարին, նրանք ցանկանում են օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները՝ ժողովրդավարությունը վերացնելու, ոչնչացնելու համար»,-շեշտել է Արարատ Միրզոյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս մարտահրավերներին դիմակայելը կարելի է դարձնել ամենօրյա գործունեություն․ իհարկե, առաջանում է դիլեմա և մի նուրբ գիծ՝ մի կողմից խոսքի ազատության պահպանմամբ, բազմակարծիք լրատվամիջոցների, մյուս կողմից՝ «չարամիտ» գործող անձանց դեմ պայքարելու վճռականության միջև, որոնք նպատակ ունեն չարաշահել ազատությունը, խաթարել հասարակության, ժողովրդավարության նկատմամբ վստահությունը: Միրզոյանի խոսքով՝ այդ ջանքերը էլ ավելի են աճելու, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին։
«Ես այստեղ կանգնած եմ ասելու՝ նրանք չեն հաջողի։ Մեր հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ և մեր դժվարությամբ նվաճած ազատությունները պաշտպանելու վճռականությունն ավելի ուժեղ է, քան ցանկացած ստվերային գործողություն։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք կհենվենք ժողովրդավարության և դրա կողմից տրամադրվող մեխանիզմների վրա, ինչպես նաև նշել է վարչապետ Փաշինյանը, ընդամենը մի քանի ամիս առաջ այս մարմնին ուղղված իր ելույթում։ Մենք կլինենք թե՛ շրջահայաց, թե՛ վճռական մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և դրա խորհրդարանական վեհաժողովի հետ, մենք կապահովենք, որ այս ընտրությունները ծառայեն որպես մեր ժողովրդավարական դիմակայության ապացույց»,-ասել է ԱԳ նախարարը։