Բանակի զարգացումն ու արդիականացումը պետության առաջնահերթությունն է, և մենք շարժվում ենք այդ ուղիով․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը՝ որպես օր, որը խորհրդանշում է մեր անկախության, անվտանգության և պետականության ամրությունը։ Այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է արժևորելու զինված ուժերի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում։

Հայաստանի զինված ուժերը ձևավորվել են պատմականորեն բարդ պայմաններում՝ ազգային միասնության, կամքի և հայրենասիրության վրա հիմնված։ Բանակը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է կանգնած երկրի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնագծում։

Այսօր մեր զինվորներն ու սպաները բարձր պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են իրենց ծառայությունը՝ պաշտպանելով պետական սահմանները և ապահովելով հանրապետության կայունությունը։ Նրանց պատրաստվածությունն ու զգոնությունը մեր անվտանգության կարևոր երաշխիքն են։

Բանակի զարգացումն ու արդիականացումը՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը և ժամանակակից զինտեխնիկայի ներդրմանը, պետության առաջնահերթությունն է և մենք շարժվում ենք այդ ուղիով տարեց տարի նոր բարեփոխումներ իրականացնելով բանակում։

Սիրելի՛ զինծառայողներ,

Ձեր ծառայությունը բարձր գնահատանքի արժանի է։ Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին և ապահովել խաղաղ ու անվտանգ ապագա մեր երկրի համար։

Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, միասնություն և առաջընթաց։

Փառք զինված ուժերին,

Փառք նահատակներին,

Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն