armenpress.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և պատրաստակամություն հայտնել կառուցել երկկողմ հարաբերություններ՝ ուղղված աճի և անվտանգության խթանմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա վերջին ութ տարիների ընթացքում Բրիտանիայի վարչապետի կողմից կատարված առաջին այցն է Չինաստան։
«Չինաստանը համաշխարհային մակարդակով կենսական դերակատար է, և ծայրաստիճան կարևոր է, որ մենք կառուցենք ավելի բարդ հարաբերություններ, որտեղ կարող ենք հստակեցնել համագործակցության հնարավորությունները՝ թույլ տալով, իհարկե, իմաստալից երկխոսություն այն ոլորտներում, որտեղ մենք ունենք տարաձայնություններ»,- հանդիպման սկզբում Ծինփինին ասել է Սթարմերը։
Չինաստանի նախագահը, նշելով, որ երկկողմ հարաբերություններն ունեցել են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են զարգացնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն։
«Քանի դեռ մենք ավելի լայն ենք նայում աշխարհին, վեր ենք կանգնում տարբերություններից և հարգում ենք միմյանց, ապա կապացուցենք, որ ունակ ենք դիմակայել պատմության փորձությանը», – նշել է Ծինփինը։
BBC-ի փոխանցմամբ, երկու առաջնորդների միջև երկկողմ հանդիպումը շարունակվել է 1 ժամ և 20 րոպե։ Օրվա երկրորդ կեսին Բրիտանիայի վարչապետը կծանոթանա չինական մշակույթին, կայցելի Արգելված քաղաք։