Վերջերս ձևավորված «Բոլորին դեմ եմ» շարժումը, որն արդեն 400-ից ավելի համակիր ունի, առաջիկայում պատրաստվում է գրանցվել որպես ինքնալուծարվող կուսակցություն և մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Այս շարժման օրակարգը, ինչպես և ընտրություններին մասնակցելու նպատակը ոչ թե ոլորտային փոփոխություններն են և այսօրվա կառավարության հեռացումը, այլ կառավարման համակարգի փոփոխությունը, որի համար իրենք ընտրողից խնդրելու են 100 օրվա վստահության քվե՝ կատարելու իրենց առաջարկած 3 փոփոխությունները և հեռանալու։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Բոլորին դեմ եմ» շարժման ներկայացուցիչ Արամ Քոչարյանը ներկայացրեց իրենց օրակարգը․
«Առաջարկվող լուծումը հետևյալն է. միավորվել որպես շարժում, հիմնադրել ինքնալուծարվող կուսակցությունը որը ունի մեկ ծրագիր՝ գալ իշխանության 100 օրով, կատարել 3 հիմնական փոփոխություններ․
- Հանել կայուն մեծամասնությունը:
«Սա «սերժի կոստյումն է», որը, անկախ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվից, մեկ կուսակցությանը երաշխավորում է, որ կստանա ամբողջական իշխանություն»:
Ըստ շարժման հայտարարության՝ այս մեխանիզմը հանելու դեպքում խորհրդարանը կդառնա ներկայացուցչական, քաղաքական ուժերը ստիպված կլինեն համագործակցել, ինչը կմեղմի հասարակության մեջ բևեռվածությունը և կզարգացնի քաղաքական մշակույթ։
- Ընտրական շեմը 4-ից դարձնել 1%․
«Սա հնարավորություն կտա նոր ուժերին անցնել խորհրդարան և ներկայացնել իրենց ընտրողներին: 2021թ. 265,000 ձայն կորել է բարձր շեմի պատճառով»:
Արամ Քոչարյանն այս համատեքստում հիշեցրեց, որ 2021թ. ընտրությունների արդյունքներով միայն երկու՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերն են կարողացել այնքան ձայն հավաքել, որ անցնեն խորհրդարան:
«Սա նշանակում է, որ այս շեմը չափից բարձր է Հայաստանի քաղաքական դաշտի համար»,- հավելեց Արամ Քոչարյանը:
- Քվեաթերթիկներին ավելացվելու է «Բոլորին դեմ եմ» տարբերակ․
Ըստ Արամ Քոչարյանի՝ քաղաքացին «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկն ընտրելով՝ ցույց կտա իր բողոքն ու դժգոհությունը քաղաքական համակարգի նկատմամբ, ինչը կունենա հետևանք՝ խորհրդարանում մանդատները չեն վերցվի՝ դատարկ կմնան․
«Այս փոփոխությունները կատարելուց հետո կազմակերպվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Մեր ուժը՝ այսինքն «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, արտահերթ ընտրություններից առաջ լուծարվելու է: Մենք չենք կիրառելու ոչ մի վարչական ռեսուրս: Սա ՀՀ պատմության մեջ լինելու է միակ ընտրությունը, որտեղ ընտրությունը կազմակերպող ուժը չի մասնակցում ընտրությանը»,- ասաց Արամ Քոչարյանը:
Շարժման ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը նշեց, որ «Բոլորին դեմ եմ»-ը ներառում է գաղափարական տարբեր հայացքներ ունեցող անհատների, որոնք միավորվել են մի գաղափարի շուրջ՝ Հայաստանում համակարգային, իրական փոփոխություններ իրականացնել՝ հարվածելով խնդիրների հիմնական կետին՝ ընտրական համակարգին:
«Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգը թույլ չի տալիս ոչ մի նոր ուժի, գաղափարախոսության, այլընտրանքի մտնել քաղաքական դաշտ, և քաղաքական դիսկուրսը մնում է հներ-նորեր, նախկիններ-ներկաներ գզվրտոցի շրջանակում»,- ասաց նա: