civilnet.am Հայաստանը հայտնվել է գերտերությունների շահերի բախման կենտրոնում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ TRIPP-ին։
Ըստ նրա՝ այդ ծրագիրը «հիմնականում սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը», մինչդեռ հայկական շահն այդ ձևաչափերում բացակայում է։
Երկրորդ նախագահի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասում տնտեսական չէ․ Վաշինգտոնի գլխավոր նպատակը Իրանի հետ սահմանը վերահսկողության տակ վերցնելն է։
«ԱՄՆ-ն Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունի։ Այս հետաքրքրությունը կապված է բացառապես մեկ հանգամանքի՝ Իրանի հետ։ Նպատակը Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնելն է. ուրիշ տրամաբանական բացատրություն պարզապես չկա, որքան էլ փորձենք երևակայությամբ այլ պատճառներ գտնել։ Այստեղ ակնհայտ է նաև Իսրայելի դերակատարությունը, քանի որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեծապես պայմանավորված է Իսրայելի շահերով»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը կրկին հայտնվում է գերպետությունների շահերի բախման կիզակետում, ինչպես եղավ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։
Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP-ի ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ Ռոբերտ Քոչարյանը քննադատեց միլիարդավոր ներդրումների մասին թեզերը։ Նրա խոսքով՝ 42 կմ հատվածի համար խոսել միլիարդների մասին՝ առնվազն անիրատեսական է, քանի որ դա ընդամենը մի քանի միլիոն դոլարի ծրագիր է, որը Հայաստանը կարող է իրականացնել սեփական միջոցներով։
Հարցին ի պատասխան, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն վերահսկել սահմանն առանց զինված ուժերի, երկրորդ նախագահը պարզաբանեց, որ «վերահսկողությունը հաճախ իրականացվում է կառավարման իրավունքի միջոցով»։
ՍիվիլՆեթի այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ սկսել է չխոսել Արցախ վերադառնալու կամ Արցախը վերադարձնելու մասին, Քոչարյանը պատասխանեց, որ այսօրվա իրողություններում առավել իրատեսական է խոսել վերադարձի իրավունքի մասին։
«Այսօր ես իրական տեսնում եմ միայն այս հատվածը, բայց աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկս չգիտի, թե վաղը կամ մի տարի հետո ինչ է լինելու»,- նշեց նա։
Ըստ երկրորդ նախագահի՝ գերտերությունների կողմից աշխարհի վերաբաժանումն ու ազդեցության գոտիների ձևավորումը կարող են ստեղծել ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ պայմաններ Հայաստանի համար, ուստի անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ առաջնահերթ պահելով վերադարձի իրավունքի օրակարգը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում