Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինծառայողն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի հայտնաբերմանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր չէ նրան փոխանակել հայ գերիների հետ, վարչապետը նշեց, որ փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան․
«Ամենեւին փաստ չէ նաեւ, որ նա ուզում է վերադառնալ Ադրբեջան, որովհետեւ գիտեք, որ մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում, բռնի ձեւերով չենք կարող նրան վերադարձնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փնտրվող երկրորդ ադրբեջանցին, ըստ առկա տվյալների՝ սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել ու ուզում է վերադառնալ։
Վարչապետը նաև հիշեցրեց մարտի 21-ին տեղի ունեցած դեպքը, երբ , ՀՀ ԶՈՒ զինծառայողը մոլորվել էր տեղանքում ու հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ 24 ժամ չանցած վերադարձել էր։
«Ընդ որում, երբ որ նրա մոլորվելու և վերադարձի վայրն էինք դիտարկում, արդյունքում պարզվեց, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել և ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով վերադարձել է Հայաստան»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: