«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին, դրան հետևել են իրավական ընթացակարգեր:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ կան ՔՊ կուսակցակության ներսում:
«Այս պատմությունը մի բանի մասին է. ՔՊ կուսակցությունը այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու: Եվ սա պետք է պարզ լինի բոլորին»,- ընդգծեց Փաշինյանը:
Ճշտող հարցին, թե Սարգսյանի հարցը հենց կոռուպցիոն թեմայի՞ է վերաբերում, Փաշինյանը պատասխանեց. «Ինչ որ ասացի, ճիշտ կհասկանաք»:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը չի լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախըտրական ցուցակում: Կուսակցության վարչությունը մերժել է հարցի առնչությամբ պատգամավորի բողոքը: Ավելի ուշ նա հայտնել է, որ այլևս չի ցանկանում լինել ՔՊ ցուցակում: Պատգամավորի խոսքով՝ կուսակցական շատ ընկերներ ևս տարակուսանք են հայտնել, որ տեղեկացված չեն, թե ինչու Սարգսյանին թույլ չեն տվել ընդգրկվել ցուցակում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ առանց մանրամասներ ասելու՝ հայտնել էր, որ Սարգսյանին մանրամասն ներկայացվել է նրա՝ ընտրացուցակում չհայտնվելու պատճառը՝ նշելով, որ «եթե լուրջ պատճառ չլիներ, նման որոշում չէր կայացվի»: