armenpress.am Հայաստանի Հանրապետությունը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է աշխատել միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ:
Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում ստորագրել են երեք մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան:
2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կայացրել է ռազմավարական որոշում, որ իր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային, այդ հարցով խոսակցություններ են ընթանում 5 երկրի հետ: