Այս պահին ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում է տեղի ունենում. Փաշինյան | civilnet.am

civilnet.am  Այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուկայական արժեքի գնահատում է տեղի ունենում: Այս մասին կառավարությունում հունվարի 29-ի ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այդ արժեքը լինի հասանելի պետբյուջեի համար, մենք այն ամբողջությամբ կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման՝ բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԷՑ-ի ազգայնացման երկու սցենար է դիտարկվում. ՀԷՑ-ի ամբողջական ազգայնացում և դրա հանձնում պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական սեփականություն։ Երկրորդ սցենարի համաձայն՝ ընկերության բաժնետերերի մեծ մասը կարող է փոխանցվել էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։

Վարչապետն այսօր հայտնեց, որ այս մասին փորձում են իրազեկել Էներգետիկ ոլորտում միջազգային թոփ ընկերություններին:

«Հիմա կարծիքներ են հնչում, որ կարող է պարզվի, որ ՀԷՑ-ի ֆինանսական արժեքն այնքան ցածր է, որ կարելի է կառավարության որոշմամբ ինչ-որ գումար հատկացնել և դա դարձնել պետական:

Մենք շտապելու բան չունենք, ՀԷՑ-ն այս պահին դե ֆակտո պատկանում է Հայաստանին»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրել է ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերին հայտնել էր, որ արևմտյան խոշոր էներգետիկ ընկերությունները հետաքրքրվածություն են ցուցաբերել Հայաստանի բաշխիչ ցանցերի կառավարման հարցում։

Նոյեմբերի կեսերին Պետրոսյանը նաև հայտնել էր, որ առաջիկա երեք ամիսներին ՀԷՑ-ը գործելու է ժամանակավոր կառավարչի գործադիր լիազորությունների ներքո, քանի դեռ նոր լիցենզիա տրամադրված չէ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն