Այս սահմանադրությունը բռնապետ կերտելու սահմանադրություն է․ Քոչարյան | civilnet.am

civilnet.am  Գործող Սահմանադրությունն իսկապես խնդիր դարձավ պետության համար․ նման համոզմունք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողների հետ զրույցում հունվարի 29-ին նա հայտարարեց, որ կողմ է, որ Սահմանադրությունը փոխվի, քանի որ գործողը «բռնապետ կերտելու սահմանադրություն է»։ Նա նաև նշեց, որ չի բացառվում՝ սահմանադրությունը փոխողները այդ մասին չեն իմացել։ Ըստ Քոչարյանի՝ եթե իշխանության գա իր ուժը, առաջինը սահամանդրությունն են փոխելու։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ անսահման հնարավորություն է տրվում գործադիր իշխանությանը՝ ձևավորել բոլոր մյուս իշխանությունները։ Դատական իշխանությունը պետք է լինի հակակշիռը։ Ձևավորվել է մոնոիշխանություն, մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ բոլոր քվեարկությունները որոշում է մեկ մարդ՝ վարչապետը։

«Եթե այդպես չլիներ, դատավոր Արմեն Դանիելյանը չէր կարող ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր։ ՍԴ, ԲԴԽ ու Վճռաբեկ դատարան գալիս ու խորհրդարանով են անցնում»,- ասաց նա։ Արմեն Դանիելյանն առավել հայտնի է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմամբ 2021-ին։

Նա առաջարկում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել՝ փոխելով նաև կառավարման մոդելը․ «Հիմա կարելի է անցնել կիսանախագահականի, բայց սա կտրուկ քայլ է, և քաղաքական դաշտում շատերը կարող են սա չընդունել։ Կիսանախագահականը ենթադրում է որոշակի անձնավորվածություն նախագահի, իսկ սա ոչ բոլոր կուսակցություններն են ընդունում։ Կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահն ընտրվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե խորհրդարանում։ Առաջարկում եմ, որ դատական իշխանության ձևավորման մի բաղադրիչ լինի նախագահը։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ փոխել քվեարկության ձևը դատական իշխանության համար․ ԲԴԽ, Վճռաբեկ դատարանի և ՍԴ անդամներն ընտրվեն ԱԺ-ի կողմից ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ այդ պարզ մեծամասնությունը պետք է ներառի բոլոր խմբակցությունների առնվազն կեսից ավելին»,- ասաց Քոչարյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն