«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու գործընթացը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն դատարանին միջնորդել է կանխել կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գույքը ձեռք բերելու գործընթացը։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը։

Նշենք, որ այսօր «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական առաջին նիստն է։

«Մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, քանի որ դատարանը այս գործը պետք է քննի 2–ամսյա ժամկետում, զուգահեռ նաև կառավարությունն էլ 3-ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը ձեռք բերելու համար, մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել վարչական վարույթը կասեցնելու հետ կապված, որ կառավարությանը թույլ չտան նման գործունեություն իրականացնել»,– մանրամասնեց Ալոյանը։

Փաստաբանի խոսքով` միջնորդել են նաև, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը որպես 3-րդ կողմ ներգրավվի գործում, քանի որ նա վարչական մարմին է, բայց ՀԷՑ-ի ներկայացուցիչը չէ ու ՀԷՑ-ը ներկայացնելու իրավասություն չունի։

«Դատարանը այս մասով մերժեց ու չթողեց երրորդ անձ ներգրավել, ինձ էլ չթողեց` ՀԷՑ–ը ներկայացնեմ, այլ որոշեց, որ ՀԷՑ-ին ներկայացնում է Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված անձը, որը դատական նիստերին չի ներկայանում ու որևէ դիրքորոշում չի հայտնում»,- ասաց Ալոյանը։

Նրա խոսքով` ստացվում է, որ ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից, ինչպես որ վարչական վարույթի ընթացքում էր զրկված պաշտպանության իրավունքից:

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ իրենք ի սկզբանե հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու մտադրություն չեն ունեցել, քանի որ գործը 2 ամսում պետք է ավարտվեր։

«Ակնհայտ էր, և մենք համոզված հիմնավորել էինք, որ որևէ խախտում չկա։ Բայց երբ կառավարության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա վիճակին և պատասխան ներկայացնի, այդ ժամանակ նոր մենք միջնորդեցինք»,- նշեց Օրբելյանը։

Նա ընդգծեց, որ ՀԷՑ-ի մասով օրենքի փոփոխության հետ սահմանադրական խնդիրներ են տեսնում։ Օրբելյանը հիշեցրեց, որ այժմ այս գործը Սահմանադրական դատարանում է, և բարձր դատարանը փետրվարի 4–ին կքննի գործը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն