Վերահաստատվել է Հայաստան-Ռուսաստան համագործակցության շարունակականությունը

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունվարի 29-ին ընդունել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և ընդգծել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության կարևորությունը։

Արամ Ղազարյանի խոսքով՝ վերջին տասը տարիների ընթացքում կենտրոնն իր առջև դրված խնդիրները լուծել է պատասխանատվությամբ և օպերատիվ արձագանքման հանձնառությամբ։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված մոտեցումներ բնակչության պաշտպանության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հումանիտար օգնության տրամադրման համատեքստում։

Արամ Ղազարյանը վստահեցրել է նաև, որ ՆԳ նախարարությունը հետագայում ևս պատրաստ է գործադրել առավելագույն ջանքեր, որոնք կնպաստեն համագործակցության ամրապնդմանը։

Վյաչեսլավ Բուտկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։
ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը շեշտել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում առանձնահատուկ դեր ունի Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, որն իրեն դրսևորել է որպես արդյունավետ և, ամենակարևորը, պահանջված հարթակ։

Երկուստեք վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը, մասնավորապես, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման համատեքստում։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին ներկայացրել է կենտրոնի 2025 թվականի գործունեությունը և ընթացիկ տարվա աշխատանքի առաջնահերթությունները։

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն նաև ծաղիկներ են խոնարհել Փրկության նվիրյալների պատվո հուշարձանին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն