armenpress.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի և Կանադայի համար «շատ վտանգավոր է» Չինաստանի հետ գործ բռնելը։ Նախագահի այս հայտարարությունը արվել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Չինաստան կատարած այցի ժամանակահատվածում։
BBC-ի փոխանցմամբ, Թրամփը, անդրադառնալով նախօրեին Բրիտանիայի և Չինաստանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով համաձայնագրերի կնքմանը, բրիտանական կողմի համար ասել է․ «Նրանց համար շատ վտանգավոր է նման բան անելը։ Եվ շատ ավելի վտանգավոր է Կանադայի համար։ Կանադայի գործերը շատ վատ են, սակայն չի կարելի դիտարկել Չինաստանը որպես խնդրի լուծում։ Ես շատ լավ գիտեմ Չինաստանը, գիտեմ նախագահին, նա իմ ընկերն է, սակայն դա լուրջ խոչընդոտ է»։
Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ այցելել է Չինաստան, որտեղ հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ և պատրաստակամություն հայտնել կառուցել երկկողմ հարաբերություններ՝ ուղղված աճի և անվտանգության խթանմանը։
«Չինաստանը համաշխարհային մակարդակով կենսական դերակատար է, և ծայրաստիճան կարևոր է, որ մենք կառուցենք ավելի բարդ հարաբերություններ, որտեղ կարող ենք հստակեցնել համագործակցության հնարավորությունները՝ թույլ տալով, իհարկե, իմաստալից երկխոսություն այն ոլորտներում, որտեղ մենք ունենք տարաձայնություններ»,- հանդիպման սկզբում Ծինփինին ասել է Սթարմերը։
Հանդիպման ավարտից հետո Սթարմերը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկկողմ հարաբերությունները լավ ու ամուր վիճակում են։ Լրագրողի հարցին, թե արդյոք Սի Ծինփինը մեկն է, ում հետ կարելի է բիզնես վարել, Սթարմերը պարզապես պատասխանել է․ «Այո»։
Նա Չինաստանի ղեկավարի հետ հանդիպումը բնութագրել է որպես ջերմ և կառուցողական։