Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների միջոցառումների  ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հակակոռուպցիոն կրթության զարգացման, կոռուպցիայի հակազդման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև այդ համատեքստում ՔՀԿ-ների  հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության ընդլայմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, տեխնիկական համալրման, կադրերի ընտրության հարցերին և Կոմիտեի ծառայողների վերապատրաստման գործընթացում միջազգային հակակոռուպցիոն մարմինների լավագույն  փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հնարավորություններին:

Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել զարգացնելու և ավելի հստակեցնելու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության շրջանակները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն