Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Նշվում է, որ այցը պայմանավորված էր զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ստացված բողոքով՝ զինծառայողի առողջական վիճակի և բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի և ղեկավար կազմի հետ, քննարկվել են իրականացվող բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող բուժօգնության, ինչպես նաև՝ առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ` փորձաքննելու և զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու հետ կապված հարցերը։
«Տեղի է ունեցել նաև առանձնազրույց զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլնի, բարձրացրել է հոգեբանի խորհրդատվության և առանձին պալատում տեղակայվելու անհրաժեշտությանը վերաբերելի հարցեր։ Իրականացված այցի շրջանակում Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովվել է զինծառայողի հոգեբանական խորհրդատվությունը, ինչպես նաև վերջինիս տեղափոխումն առանձին պալատ։
Այս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբ:
Զինծառայողին առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է, նրա առողջական վիճակը և տրամադրվող բժշկական օգնությանն առնչվող հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են»,- հայտնում են պաշտպանի գրասենյակից: