armenpress.am Հացի արտադրամասերում 2025 թվականին ՍԱՏՄ իրականացրած դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է 257 խախտում:
Այս մասին հունվարի 30-ի ասուլիսում հայտարարեց կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Նախորդ տարի իրականացվել է 886 դիտարկում. արձանագրվել են 540 անհամապատասխանություններ: Դրանք վերաբերում են ինչպես սննդամթերքին, այնպես էլ պեստիցիդներին:
2025 թվականին սննդամթերքի մասով իրականացվել է 673 դիտարկում, հայտնաբերվել են 517 անհամապատասխանություններ: Մասնավորապես, հացի արտադրամասերում 413 դիտարկում է իրականացվել, 257-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ: Իրականացվել է նաև պաղպաղակի արտադրության հետ կապված 16 դիտարկում՝ 11 խախտում, կաթնամթերքի 219 դիտարկում՝ 80 խախտում, մսամթերքի 28 խախտում: Ջրի՝ 1, ոգելից խմիչքի հետ կապված երկու դիտարկումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Երկու տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք: Արագ արձագանքման 43 դիտարկումից 13-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ:
Պեստիցիդների և ագրոքիմիկատների մասով իրականացվել է 170 դիտարկում, հայտնաբերվել է 10 խախտում:
Բուսասանիտարական մշտադիտարկումները իրականացվում են 1 անգամ՝ ամբողջ տարվա համար: 2025 թվականին հայտնաբերվել է 11 տեսակի կարանտին վնասակար օրգանիզմ: Հայաստանի Հանրապետության տարածքում առավել տարածված են եղել կալիֆոռնյան վահանակիրը, պտղակերների բակտերիալ այրվածքը, արևելյան պտղակերը և արևմտյան ծաղկային թրիպսը: Մեր գործառույթների շրջանակում հողօգտագործողներին տրամադրվել է խորհրդատվություն պայքարի և պեստիցիդների ճիշտ կիրառման վերաբերյալ»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը: