Տարածքային պաշտպանության և վարժական հավաքների համակարգը պաշտպանության կարևոր բաղկացուցիչ է․ Պապիկյան | armenpress.am

armenpress.am ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է տարածքային պաշտպանության ուժերի, պահեստազորի և վարժական հավաքների կարևորությանը՝ դրանք գնահատելով պաշտպանության նախարարության առաջնահերթ առաքելություններից մեկը։

«Պահեստազորը, ամուր թիկունքը մեծ նշանակություն ունի երկրի պաշտպանունակության հարցում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հենց այդ նպատակով պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ձևավորվել է տարածքային պաշտպանության և տեղական ինքնապաշտպանության համակարգը։

Պապիկյանի խոսքով՝ համակարգը ենթադրում է մշտական կառուցվածք՝ սկսած վաշտի օղակից մինչև հրամանատարական կազմ, որտեղ առկա են սպայակազմի մշտական հաստիքներ և աշխատակիցներ։

«Նրանց ֆունկցիան է վարժական հավաքների ընթացքում ընդունել պահեստազորին, պատրաստել նրանց և մարտական հերթապահության ժամանակ ապահովել ներդաշնակեցումը»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ այս մոտեցումը կարևոր է նախկինում արձանագրված բացթողումները բացառելու համար, երբ վարժական հավաքների ընթացքում մարդիկ հաճախ չեն տիրապետել իրենց տարրական խնդիրներին։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ վարժական հավաքների տևողությունը սահմանվել է 25 օր, որպեսզի մի կողմից հնարավորինս քիչ դժվարություն և նեղություն պատճառվի քաղաքացիներին, մյուս կողմից՝ ապահովվի բավարար ժամանակ վերապատրաստման, գիտելիքների թարմացման և ստորաբաժանումների ներդաշնակեցման համար։

«Վարժական հավաքները կոչված են նաև պարզ դարձնելու, թե հնարավոր խնդիրների դեպքում ինչով պետք է զբաղվեն պահեստազորայինները և ինչպես պաշտպանեն մեր երկրի սահմանը»,- նշել է Պապիկյանը։

Նախարարը ընդգծել է, որ ամեն տարի շարունակվում են աշխատանքները համակարգի, հավաքագրման գործընթացի և վարժական հավաքների ընթացքում պահեստազորայինների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։

«Հորդորում եմ մեր քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին, որովհետև դրանք մեր պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչն են»,- ասել է Պապիկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն