Եկեղեցու նշանակած սպասավորները այլևս հոգևոր ծառայություն չեն իրականացնի ՊՆ-ում. նախարարը փոխել է կարգավորումները

2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում այն հոգևոր ծառայողների գործունեությունը, որոնք նշանակվել են ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից։

Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանի հայտարարությանը, ըստ որի՝ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

«Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը»,- ի պատասխան գրել է Պապիկյանը՝ նշելով, թե պաշտպանության նախարարի հրապարակած հրամանը վերաբերում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման նոր կարգավորմանը։

Մասնավորապես՝ փաստաթղթով ուժը կորցրած է ճանաչվում պաշտպանության նախարարի 2000 թվականի հուլիսի 19-ի N 728 հրամանը, որով մինչ այժմ կարգավորվում էին զինված ուժերում ծառայության անցկացման մի շարք գործընթացներ, այդ թվում՝ հոգևոր ծառայության կազմակերպումը։

Ըստ հրամանի՝ մինչև փետրվարի 1-ը՝ հրամանի ուժի մեջ մտնելը, հոգևոր ծառայությունը պետք է իրականացվի ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ։

Իսկ փետրվարի 1-ից հետո ԳՇ պետը պետք է ապահովի, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր սպասավոր անձինք հոգևոր ծառայություն անեն միայն ուսումնական ծրագրի ավարտից հետո: Նրանք ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի կնշանակվեն ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ՝ համաձայնեցված ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական այսհովման վարչության հետ:

3-օրյա ժամկետում ԳՇ պետը պետք է ներկայացնի առաջարկություններ՝ ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոններ ստեղծելու վերաբերյալ, որոնք զբաղեցնելու համար պարտադիր պայման է հանդիսանալու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը:

«Հրամանով սահմանվում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում են նախկին կարգավորումներով գործող մեխանիզմները, և նախատեսվում է զինված ուժերում ծառայության կազմակերպման նոր մոտեցում։ Փաստաթուղթը նաև նախատեսում է համապատասխան ստորաբաժանումների կողմից նոր կարգերի գործնական կիրառման ապահովում, գործող համակարգի գնահատում և առաջարկությունների ներկայացում՝ զինվորական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով։ Պաշտպանության նախարարությունը ընդգծում է, որ հրամանը նպատակ ունի կարգավորել զինված ուժերում ծառայության կազմակերպման գործընթացները և կանխել թեմայի շուրջ շրջանառվող տարբեր մեկնաբանությունները»,- ասվում է նախարարի հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն