Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի ակադեմիայի նախագահ Նիկիֆորոս Դիամանդուրոսի հետ։
Այդ մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառումը։
Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է պրոֆեսոր Դիամանդուրոսին ակադեմիայի նախագահի պաշտոնին ընտրվելու առնչությամբ։ Դեսպանն առաջարկել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Աթենքի ակադեմիայի միջև 2024 թ․ կնքած հուշագրի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը հայկական կողմի հետ` ներառելով հումանիտար ուղղությունները, մասնավորապես արևելագիտությունը, հնագիտությունը և բյուզանդագիտությունը։
«Նիկիֆորոս Դիամանդուրոսը ողջունելով դեսպան Մկրտչյանի այցն Աթենքի ակադեմիա, նշել էր, որ իր պաշտոնավարումը համընկել է Աթենքի ակադեմիայի 100-ամյակի հետ, որի ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում։ Միաժամանակ հույն գիտնականը վերահաստատել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությունը ինչպես հուշագրում նախատեսված ուղղություններով, այնպես էլ հումանիտար ուղղություններով զարգացնելու պատրաստակամությունը»,- նշված է գրառման մեջ։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջոցառում կազմակերպելու հարցում։