Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում ներկայացվել է 2026-ի մաքսային բարեփոխումների ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։

Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՊԵԿ նախագահը՝ կարևորելով նիստում մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումները, ընդգծել է, որ կայուն և շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի անշեղ բարելավումն այն ուղին է, որով պետք է հետևողականորեն առաջ շարժվել՝ միաժամանակ նվազեցնելով ոլորտում առկա հնարավոր ռիսկերը։

«Այս համատեքստում Խորհրդի աշխատանքը պետք է միտված լինի բացառելու ցանկացած գործառույթ կամ իրադարձություն, որը կարող է խոչընդոտել նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, և ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման միջոցով հասնել առավելագույն արդյունքի»,- շեշտել է Էդուարդ Հակոբյանը։

Նիստի ընթացքում ներկայացվել են ռենտգեն պատկերների վերլուծության մոնիտորինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի ներդրման ընթացքին։ Մաքսային բարեփոխումների շրջանակում 2026 թվականի ընթացքում նախատեսվում է գործարկել EXIM տեղեկատվական հարթակը, որի ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ։

Այն տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ստանալ արտաքին տնտեսական գործունեության, այդ թվում՝ արտահանման, ներմուծման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Մաքսային ոլորտի թվայնացման համատեքստում քննարկվել է նաև ցամաքային անցման կետերի թվայնացմանը միտված միջոցառումների ընթացքը։

Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով առանձնակի կարևորվել է Մաքսային միասնական հաշվի համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա մեկ միասնական հաշվի միջոցով իրականացնել մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով պարտավորությունների մարումը։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ մաքսային ոլորտում նախանշված բարեփոխումների և նոր թվային համակարգերի ներդրումն էապես կբարելավի տնտեսվարողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր՝ նպաստելով արտաքին տնտեսական գործունեության զարգացմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն