armenpress.am ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից բուժառուների այցերը հստակորեն գրանցելու և անճշտությունները բացառելու նպատակով առաջիկայում նախատեսվում է ընդունարաններում ներդնել համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՐՄԵԴ-ի տնօրեն Ավետ Մանուկյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ քաղաքացիները, հավելվածում ուսումնասիրելով իրենց մասին առողջապահական գրառումները, հայտնաբերել են բժշկին կատարած այցերի տվյալներ, որոնք իրականում չեն կատարել։
«Հիմնականում խնդիրը պայմանավորված է թղթից սխալ մուտքագրումներով։ Եթե բժիշկն ուղիղ, առցանց աշխատում է ԱՐՄԵԴ-ում, նման սխալներ գրեթե չկան, որովհետև ԱՐՄԵԴ-ն ու բնակչության պետական ռեգիստրն իրար կապված են։ Հիմնականում նման սխալներ լինում են այն բուժհիմնարկներում, որտեղ թղթի վրա ինչ-որ գրառումներ են կատարվում, հետ տրամադրվում են օպերատորին մուտքագրելու համար»,-պարզաբանեց Մանուկյանը՝ չբացառելով թղթային տարբերակով տեղեկատվությունը հավելված մուտքագրելու ընթացքում անուշադրության հետևանքով անճշտությունները, որոնց դեպքում երբեմն մի անձի առողջապահական տվյալները վերագրվում են մեկ ուրիշի։
Նրա խոսքով՝ խնդրի լուծման համար նախատեսվում է ներդնել նոր գործիք, որով բուժհաստատությունների ընդունարաններում, այդ թվում՝ գյուղական բուժամբուլատորիաներում, այցելուն կնույնականացվի, որից հետո նրա այցը նույն պահին կգրանցվի տեսախցիկի միջոցով։
Ըստ Մանուկյանի՝ այս ձևաչափով լուծումը հնարավոր է որոշակի անհարմարություններ առաջացնի, սակայն մյուս կողմից հնարավոր կլինի բացառել անճշտությունները։
Մանուկյանը նշեց, որ ԱՐՄԵԴ-ում համապատասխան գործիքակազմն արդեն առկա է, իսկ ներդրումը կմեկնարկի առաջիկայում և կիրականացվի աստիճանաբար։