azatutyun.am «Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ», – հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և դուրս չեն գալու այդ շրջանակից։
Fars-ը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային ծրագրին նվիրված միջնորդավորված բանակցությունների հինգ փուլեր էին անցկացրել։ «Վեցերորդ փուլի մեկնարկից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Իսրայելի հարձակումը Իրանի վրա», – նշում է գործակալությունը։
Այնուհետև Թրամփը զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։
Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «մատը ձգանին է»՝ հզոր հակահարված տալու ցանկացած ագրեսիայի։