ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը։ Նախարար Պապոյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրերի իրականացման գործում։
Քննարկվել է նաև 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթաժողովին Համաշխարհային բանկի մասնակցության կարևորությունը։ Նախարարը հրավիրել է Չարլզ Կորմիերին մասնակցելու գագաթաժողովին և խնդրել հրավերը փոխանցել նաև Համաշխարհային բանկի նախագահին։
Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման» (TRIP) ծրագրին, որը միտված է տեղական համայնքների զարգացմանը և Հայաստանի դիրքերի ամրապնդմանը՝ որպես գրավիչ և մրցունակ զբոսաշրջային ուղղություն։
Կողմերը կարևորել են համատեղ աշխատանքի և արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ ձեռք բերելով փոխըմբռնում հետագա քայլերի շուրջ։