civilnet.am Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։ Այս մասին փետրվարի 3-ին ասուլիսին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նախարարը նաև նշել է, որ դեռևս մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չկա։
«Մենք շարունակել ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները, մասնավորապես և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Չինաստանի, և՛ Կորեայի, և՛ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք»,- ասել է նախարարը։
Խուդաթյանի խոսքով՝ մոդելի ընտրության հարցը կիրականացվի արդեն 2026-ին կամ 2027-ին, ըստ նրա՝ շատ շտապելու անհրաժեշտություն չկա։
«Կախված մոդելի ընտրությունից կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների սիստեմը լայն տարածված չի եղել նախկինում և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը և մենք անում ենք»,- ասել է նախարարը։
Խուդաթյանը նաև հայտնել է, որ հնարավորություն կա ևս տասը տարով երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը։
«Վստահ ենք, որ առաջիկա տասը տարում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Դա ծրագրերի խումբ է, որ տասը տարի ժամկետում պետք է իրականացվի, պայմանագրերի զգալի մասը կնքված է, աշխատանքների մեծ մասն իրականացվում են»,- ասել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի սեպտեմբերին հայտարարեց երկրում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու ռազմավարական որոշման մասին։