armenpress.am ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հարգանքի տուրք մատուցել պատերազմի զոհերի հիշատակին։ Համապատասխան տեսանյութը Զելենսկին տեղադրել է X հարթակի իր էջում։
Կից գրառման մեջ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռյուտեի հետ միասին հարգել են ուկրաինացի զոհված պաշտպանների հիշատակը։ Նա երախտագիտություն է հայտնել նրանց զոհաբերության համար։
Ռյուտեի այցը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարվածների վերսկսումից հետո։ Անցյալ շաբաթ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Ռուսաստանը դադարեցրել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը։ Ուկրաինան նույն կերպ էր պատասխանել։