civilnet.am Ավիացիոն ոլորտում առկա խնդիրները Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «շարունակական բացթողումների» արդյունք են․ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վստահեցնելով, որ Եվրամիության «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանին տասնամյակներ հարկավոր չեն լինի։
Փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ նախարարը հայտնել է, որ հայտնաբերված խնդիրների 60%-ն արդեն վերացվել է։
«Այն երկրներից շատերին, որոնք հայտնվել են սև ցուցակում, 10 տարի է պետք եղել դուրս գալու համար, բայց մեզ 10 տարի պետք չի լինելու»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ թեև կոնկրետ ժամկետներ չի կարող կանխատեսել, սակայն շտկումների տեմպերը «բավական արագ են»։
Անդրադառնալով ոլորտի զարգացման ցուցանիշներին՝ գերատեսչության ղեկավարը հերքել է այն տեսակետը, թե եվրոպական սահմանափակումները նշանակում են հայկական ավիացիայի կործանում։ Ըստ նրա՝ 2024-ի համեմատ ուղևորահոսքի 7,5% աճ է գրանցվել, իսկ ներկայումս 48 ավիաընկերություններ թռիչքներ են իրականացնում 67 ուղղություններով։ Հաշվետու տարում մեկնարկել են 10 նոր ուղղություններ, այդ թվում՝ դեպի Եվրոպա։
Նախարարն ընդգծել է, որ եվրոպական ուղղություններով թռիչքներն իրականացվում են օտարերկրյա փոխադրողների կողմից, սակայն շեշտել է, որ հայկական ավիաընկերությունները ևս ավելացնում են թռիչքների ինտենսիվությունն այն ուղղություններով, որտեղ «սև ցուցակում» գտնվելու հանգամանքն էական ազդեցություն չունի։
Խուդաթյանը նաև տեղեկացրել է ներքին ավիացիայի զարգացման պլանների մասին, մասնավորապես՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանը նավիգացիոն համակարգերով համալրելու և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նոր եվրոպական ուղղություններ բացելու վերաբերյալ։
«Հայաստանի ավիացիան զարգանում է և վերջին տարվա ընթացքում շատ ավելի լայն թափով է զարգանում»,- ասել է նախարարը։