armenpress.am Պակիստանը կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի երկխոսությանը, որն ուղղված է երկու երկրների միջև լարվածության թուլացմանը: Այս մասին հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին:
Նշվում է, որ պաշտոնյան PTV հեռուստաալիքին հայտնել է, որ Պակիստանը հրավիրվել է Իրան-ԱՄՆ խորհրդակցություններին, և որ Իսլամաբադի դիրքորոշումը «նկատի կառնվի բանակցությունների ընթացքում»:
Ինչպես Dawn թերթին հայտնել է դիվանագիտական շրջանների աղբյուրը, պակիստանյան կողմի մասնակցությունը «դիտարկվում է որպես լարվածության թուլացման վճռորոշ գործոն, քանի որ Իսլամաբադը գաղտնի աշխատում է բանակցային գործընթացի աջակցության համար»: Պարբերականի զրուցակիցը հավելել է, որ, հավանաբար, Պակիստանի դիրքորոշումն առաջիկա հանդիպմանը կհայտնի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը:
Ավելի վաղ ամերիկյան Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը համաձայնել է բանակցություններ վարել Իրանի ներկայացուցիչների հետ Օմանում: Խորհրդակցությունները նախատեսվում են փետրվարի 6-ին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Նա նաև նշել էր, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար՝ հիշեցնելով, որ ամերիկյան հսկայական ռազմական նավատորմ է շարժվում դեպի Իրան։