arm.sputniknews.ru Էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու համար կառավարությունը նոր փոփոխություններ է նախատեսել։ Այս մասին այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի թեմային:
Հիշեցնենք, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, այլապես չեն կարող աշխատել։
«Մենք որքան էլ փաստացի ժամանակ ենք տալիս մեր քաղաքացիներին, որ ձեռք բերեն ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն, իրենք դա թողնում են վերջին օրվան։ Արդյունքում, մենք հիմա հերթեր ունենք քարտեր ստացման հետ կապված, որոնք նույնիսկ ձգվում են ամիսներ»,- ընդգծեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ չի բացառվում, որ նախարարությունը դիմի ԱԺ-ին, որ այդ մասով փոփոխություններ արվեն։
«Սա անում ենք, որպեսզի իրավիճակը կայունացնենք ու սահուն անցում կատարենք, որ մարդիկ չզրկվեն աշխատելու իրավունքից միայն այն պատճառով, որ չունեն էլեկտրոնային ստորագրություն»,- նշեց Թորոսյանը։
Նախարարը հայտարարեց նաև, որ շուտով ID քարտերի նոր համակարգ են ներդնելու, և որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ` այսօրվա հին տարբերակը և հետո էլ առաջարկվող նոր տարբերակը, նախարարությունը քարտերի հարցն այս պահին կառավարությունում օպերատիվ պայմաններում քննարկում է։
Թորոսյանն ավելացրեց, որ անգամ հնարավոր է խնդրեն ԱԺ-ին` արտահերթ ձևով այդ հարցը քննարկել, քանի որ դա ենթադրում է նաև «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխություն։