Ես կրկին ասում եմ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան․ Սրբուհի Գալյան | aravot.am

aravot.am «Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավոր, իսկ 1463-ը՝ դատապարտյալ։ Այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվն ավելի է, քան կալանավորների թիվը։ Սա բավականին դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է, փոխարենն ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց՝ տպավորություն է, թե մարդիկ, երբ փակվում են ՔԿՀ-ում, այնտեղից դուրս չեն գալիս կամ շատ ուշ են դուրս գալիս։ Բայց դա այդպես չէ․ «Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ եւ ՔԿՀ-ներից դուրս է եկել 2396 անձ։ Այսինքն՝ ամեն տարի մոտ նույն թվով անձանց ելք ու մուտք ենք ունենում»։

Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում կալանքը շարունակում լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Կալանքների դեպքերը հստակ նվազել են, ավելի քիչ են դեպքերը, երբ անձինք դատապարտված են։ Այս պահին տնային կալանքում գտնվող 907 անձ ունենք, 1143 վարչական հսկողության ներքո գտնվող անձ ունենք։ Չեմ կարող նշել, թե քանի անձ ունենք, որոնց նկատմամբ կիրառված է չհեռանալու, երկրից չբացակայելու արգելք։ Եվ չեմ կարող նշել թվեր, երբ անձանց նկատմամբ կիրառված է գրավ խափանման միջոցը։ Խոսքը հազարավոր, տասնյակ հազարավոր դեպքերի մասին է։ Այսինքն՝ եթե հարցադրումը տրվում է այնպես, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն աշխատում, եւ կալանքն է հաճախ կիրառվում, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Այսօր մենք ունենք ընդամենը 1406 կալանավոր, որոնք պահվում են ՔԿՀ-ներում։ Իհարկե, այս թիվը կրկին մեծ է, եւ մենք խնդիր ունենք այս թվական տվյալի նվազեցման»։

Սրբուհի Գալյանը, անդրադառնալով Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին հարցին, ասաց․ «Ես կրկին ասում եմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Վերջերս եվրոպական կառույցների կողմից համապատասխան զեկույցները հրապարակվեցին, եւ մեր ընդդիմախոսները, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները շատ դառնացած նշում էին, որ որեւէ հղում քաղբանտարկյալներին չկա։ Իսկ դա ինչի՞ մասին է խոսում, որ իրականում գուցե դրանք չկա՞ն»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն