ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Աբու Դաբիում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։
«Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և այսօր կայանալիք «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը մասնակցելու համար՝ կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը։
Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական առաջընթացին։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և բարձր գնահատանքի համար՝ ընդգծելով խաղաղության և փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարևորությունը»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր Աբու Դաբի է մեկնել մասնակցելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։ Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրն է արժանացել այս մրցանակին: Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այսօր առավոտյան կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: