civilnet.am ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե նրանք երբևէ պաշտոնապես սկսեն այս տեսակի բանակցություններ, դրանք կտևեն երկար տարիներ։ Եվ մենք, իհարկե, պետք է նայենք Եվրամիության դինամիկային, թե ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, իհարկե, մենք պետք է նաև հետևենք Եվրոպական հանձնաժողովից և Բրյուսելից այսօր հնչող հայտարարություններին, որոնք կապված են այն փաստի հետ, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրամիության բնույթը փոխվում է մեր աչքերի առաջ», – նշել է նա։
Ալեքսեյ Օվերչուկը շեշտել է, որ Հայաստանը չի կարողանա միաժամանակ գտնվել երկու ինտեգրացիոն միավորումների կազմում: Հետևաբար, ըստ Օվերչուկի, ընտրությունը կրելու է համալիր բնույթ՝ հաշվի առնելով Եվրոպական միության էության փոփոխության դինամիկան:
«Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Հնարավոր է՝ հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է», – հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։