100 տարին լրացած անձինք պետությունից միանվագ 1 մլն դրամ կստանան

Պետությունը 100 տարին լրացած անձանց կվճարի միանվագ 1 միլիոն դրամ գումար:

Հապամատասխան որոշումը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստին:

Միանվագ գումարը վճարվելու է այն ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվա կենսաթոշակի հետ՝ այդ ամսվա կենսաթոշակի վճարման համար սահմանված կարգով  և  եղանակով: 

Գումարը չի վճարվելու կենսաթոշակ ստանալու իրավունքը կորցնելու դեպքում, իսկ մահվան պատճառով չվճարված միանվագ գումարը վճարման ենթակա չէ:

Մինչ այս նման աջակցություն տրամադրվում էր միայն Երևանում հաշվառված և 100 տարին լրացած բոլոր տարեցներին: Ելնելով վերոնշյալից՝ միանվագ գումար չի տրվելու այն անձանց, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են կամ հետագայում ստանալու են 1 միլիոն դրամ աջակցություն:

Միայն 2026-ին այս որոշման շրջանակում 1 միլիոն դրամ աջակցություն կստանա ավագ սերնդի 71 քաղաքացի, որոնցից 29-ն ապրում է Երևանում, իսկ 42-ը՝ մարզերում։ Այսինքն՝ 1-ական մլն դրամ հատկացնելու համար ծախսը կկազմի 42 մլն դրամ։ Այն կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված  ծախսերի հաշվին, ուստի լրացուցիչ գումար հատկացնելու կարիք չկա։

Որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին 1 մլն դրամի չափով միանվագ գումարը վճարվելու է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի և նպաստի՝ առաջիկա ամսվա վճարման ցուցակներով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել 100 տարին լրացած և նպաստի իրավունք ունեցող անձանց, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։

«Այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, ով ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում. Հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմյան բարդ շրջան, երկրաշարժ, 1990-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։

Այս մարդիկ հանդիսանում են մեր ազգային հիշողության կենդանի կրողները, նրանց կենսագրությունը՝ մեր պատմության մի մասնիկը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն