Հաստատվեցին սիգի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և  խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագծին:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 2025թ. Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում ներկայացվել է հաշվետվություն, ըստ որի՝ 2025թ. հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։

Գիտական կենտրոնը 2026թ. համար սիգի արդյունագործական որսի նպատակով առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%-ը։ Միաժամանակ՝ ձկնորսության համար թույլատրելի արդյունագործական չափը նախատեսվել է 30 սմ-ը: Նախաձվադրային-ձվադրման ժամանակահատված է նշվել 2026թ. նոյեմբերի 20-ից մինչև  2027թ. փետրվարի 10-ը:

2026թ. համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:

«Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»,- ասվում է նախագծում:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 110 մլն ՀՀ դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն