ՀՀ կառավարությունը հաստատեց հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման նոր ծրագիրը 2022թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար:
Նախագիծը զեկուցեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Նա նշեց, որ սպաներին տրամադրվելու են միատեսակ հավաստագրեր, որի միջոցով նրանք կընտրեն բնակելի տուն Երևանում և արդեն նաև մարզերում առաջնային կամ երկրորդային շուկայից. «Անշարժ գույքը տրամադրվելու է սեփականության իրավունքով, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում»:
Նշված 20 տարվա մեջ մտնում են նաև ռազմաուսումնական հաստատությունում սովորելու տարիները:
Փոխհատուցումը կտրամադրվի 75-80 քառ. մետր բնակելի անշարժ գույքի 35 մլն. դրամ առավելագույն արժեքով ձեռք բերելու դեպքում: Գումարը հաշվարկվել է Երևանում 80 քմ անշարժ գույքի արժեքով:
«Վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսները ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց Սարգսյանը:
Ծրագրի շրջանակներում զինծառայողին հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ, ամուսիններ հանդիսացող զինծառայողների դեպքում տրամադրվում է միայն ամուսիններից մեկին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է նոր կարգավորում ավելացնել, որ խթանվի մարզերում տուն գնելը: Այսինքն՝ ավելացնել լրացուցիչ մոտիվացիա, որ կենտրոնացումը դարձյալ Երևանում չլինի:
ՀՀ Պն-ն նաև կփոխհատուցի ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման, գրավի իրավունքի պետական գրանցման և պետական տուրքերի համար կատարված ծախսերը:
Որոշումը 2026թ. և հետագա երկու տարիների պետական բյուջեյում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կանխատեսվում է
- 2026թ. համար՝ ավելի քան 723 մլն դրամ՝ 127 շահառուի հաշվարկով,
- 2027թ. համար՝ ավելի քան 1,4 մլրդ դրամ՝ 152 շահառուի հաշվարկով,
- 2028թ. համար՝ ավելի քան 2,1 մլրդ դրամ՝ 166 շահառուի հաշվարկով: