ՊԵԿ-ը բիզնեսի բեռի թեթևացման փոփոխություններ է առաջարկում հարկային օրենսգրքում | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, որը հնարավորություն կտա թեթևացնել բիզնես գործունեություն իրականացնողների բեռը:

Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Առաջարկում ենք կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը: Ներկայում ճշգրտվում է միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների մասով, և մենք հարկային օրենսգրքում հնարավորություն ենք ստեղծում, որ մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե իրենք կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա»,- ասաց Հակոբյանը:

Կկանոնակարգվեն նաև ապրանքի վերադարձի հետ կապված գործընթացները:

«ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ վերադարձ է տեղի ունենում ներկայում, հարկ վճարողը ստիպված է գնալ հետ, համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով, իսկ այս կարգավորմամբ մենք հնարավորություն ենք տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում, այսինքն՝ վերադարձը դարձնում ենք վաճառքից առանձին գործարքի տեսակ»,- նշեց Էդուարդ Հակոբյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հավելեց՝ առաջարկվող փոփոխություններով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն է առաջարկվում կիրառել նաև համայնքներին նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով, ներկայում ԱԱՀ-ից ազատվում է միայն պետությանը տրված նվիրատվությունը:

Օրենքի նախագիծն ընդունվեց Կառավարության կողմից և կքննարկվի Ազգային ժողովում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն