news.am 2025 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ։ Այս մասին փետրվարի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը։
«Կբերեմ մի քանի կարևոր համեմատություններ, քանի որ լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում։ 2025 թվականին բավականին շատ վարույթներ են նախաձեռնվել՝ 84։ Համեմատության համար՝ 2011-18 թվականներին հանձնաժողովի նախաձեռնությամբ եղել է ընդամենը 15 վարույթ, իսկ 2019-ից 2025 թվականներին՝ շուրջ 400։ Արդյունքում որոշ ԶԼՄ-ներ ենթարկվել են ֆինանսական տույժերի, իսկ որոշ հաղորդումներ դադարեցվել են»,- հայտնել է Հակոբյանը։ ՀՌՀ ղեկավարը համաձայն չէ խիստ մոտեցման և խոսքի ազատության ոտնահարման մասին հրապարակումների հետ։ Նրա խոսքով՝ վարչական վարույթների մեծ մասը կրել է բովանդակային բնույթ, օրինակ՝ հեղինակային իրավունքների խախտում։ Խախտումների թվում են նաև ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի, լիցենզիա չունեցող դեղամիջոցների գովազդը, «Գովազդի մասին» օրենքի խախտումը, բռնության տեսարանները։ «Ոչ մի պատիժ ուղղված չի եղել խոսքի ազատության դեմ»,- ընդգծել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ավելացել է հանձնաժողովի որոշումների դեմ ուղղված դատական հայցերի քանակը։ 2025 թվականին եղել է 14 դատական գործընթաց, որոնցից 6-ն ավարտվել են։ 2011-18 թվականներին հանձնաժողովի դեմ ընդամենը 3 հայց է եղել։ «Եթե նախկինում և՛ ԶԼՄ-ները, և՛ պետական մարմինները դիմում էին ոչ իրավական մեթոդների, ապա հիմա գրեթե բոլոր խնդիրները լուծվում են դատարանի միջոցով։ Ընդ որում՝ հանձնաժողովը միշտ չէ, որ հաղթում է դատարաններում. մենք ընդունում ենք մեր սխալները և ուղղում դրանք»,– վստահեցրել է Հակոբյանը։ Նա կարծում է, որ հաճախ ի հայտ է գալիս օրենքների անկատարությունը։ Որպես օրինակ նա բերել է «Տոսպա» ռադիոկայանի հաղորդման եթերի կասեցումը Տիգրան Քեոսայանի ելույթի պատճառով, ով հնչեցրել էր «ամենակեղտոտ բառերը Հայաստանի ու իշխանությունների հասցեին, ինչպես նաև սպառնալիքներ»։ «Տոսպան» բողոքարկել է և հաղթել առաջին ատյանում։ Այս հաղթանակը Հակոբյանը նույնպես դիտարկում է որպես օրենքի անկատարության հետևանք։
Ամենամեծ խախտումներն արձանագրվել են ցանցային օպերատորների շրջանում։ 2025 թվականին իրականացվել է ցանցային օպերատորների 42 ստուգում (Հայաստանի Հանրապետությունում դրանց ընդհանուր թիվը 53 է)։ Արդյունքում նախաձեռնվել է 26 վարչական վարույթ՝ հեղինակային իրավունքների խախտման փաստերով։ «Դժվար թե լինի մեկ այլ ոլորտ, որտեղ այսքան մեծ քանակությամբ խախտումներ կան։ Պատճառը դարձյալ օրենքի անկատարությունն է։ Անկախ նրանից՝ ցանցային օպերատորը հեռարձակում է 1, թե 100 նման «ապօրինի» հաղորդում, վճարում է մեկ տուգանք։ Օրենքի նախագիծը, որը քննարկվում է Ազգային ժողովի հանձնաժողովում, լուծում է այս խնդիրը», – հայտնել է Հակոբյանը։